ԳԱՌՆԻ
Քարերի սիմֆոնիա
ԳԱՌՆԻԻ ԿԻՐՃ
Գառնու ձորը ձգվում է Ազատ գետի և Ազատի վտակ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը:
Շատ գեղեցիկ է Ազատ գետը, որը հանդիսանում է Արաքսի ձախ վտակը: Երկարությունը 55կմ է: Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերից և անցնում է Խոսրովի անտառով: Արգելոցի տարածքով հոսող հատվածը անվանում են նաև Միլի գետ: Ազատ գետը, Գառնի գյուղի մոտ` աջից ընդունելով Գողթ վտակը, մտնում է Գառնի ձոր: Ձորի այդ տեղամասը անվանում են նաև Ազատ գետի կիրճ:
Ստորին հոսանքում գետը դուրս է գալիս Արարատյան դաշտ: Ունի մեծ անկում և քարքարոտ հուն: Ազատը հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով: Հորդանում է ապրիլ-հունիս ամիսներին: Հորդառատ օրերին կարելի է լսել, թե ինչպես են ջրերը հատակից պոկում քարերն ու խփում իրար:
Միաթռիչք կամուրջ Ազատ գետի վրա
Գառնի գյուղի մոտ` Ազատ գետի վրա, գտնվում է XIII դ. միաթռիչք կամուրջը:
Ձորի գլխավերևում են գտնվում Գառնիի տաճարը և Հավուց Թառ վանքային համալիրը:
Գառնի տաճարի կողմից նայելով կարելի է նկատել, որ Ազատ և Գողթ գետերի միաձուլումից առաջացած ժայռեղեն թերակղզին նմանվում է կիթառի: