Շիրակի մարզ

Շիրակը Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող մարզ է, Գյումրի մարզկենտրոնով։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ ՀՀ Լոռու մարզին և հարավից՝ ՀՀ Արագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո (առաջնորդարանը՝ քաղաք Գյումրիում), սակայն մարզի տարածքում կան զգալի թվովկաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում ՓամբակիԲազումիլեռնաշղթաների, ԵղնախաղիՋավախքիԱրագածի լեռնազանգվածների մի մասը։

Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։

Մարզը ռելիեֆի առումով կարելի է բաժանել երկու մասի։ Հրաբխային, որն ընդգրկում է Ջավախք-Աշոցքի տարածաշրջանը, իր մեջ ընդգրկելով Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները, Չլդրի լեռները և Աշոցքի սարավանդը։ Մյուս մասը կարելի է համարել ծալքաբեկորավոր, որն իր մեջ է ներառում Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթան ու Շիրակի դաշտը։

Մարզի տարածքով հոսող խոշոր գետը Ախուրյանն է, որի միայն վերին հոսքի շրջանն է անցնում բուն տարածքով, միջին հոսքի շրջանում այն սահմանային է։ Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակագին պատկանող Ցողամարգ, Իլլի, Կարկաչուն գետակները։ Մարզի միակ լիճը Արփան է՝ 22 կմ2 մակերեսով, ունի տեկտոնահրաբխային կառուցվածք։

Կլիմայական պայմանների առումով մարզում տիրապետում է բարեխառն լեռնային կլիման։ Այն աչքի է ընկնում տեղումների առատությամբ (700 մմ), զով ամառներով, խստաշունչ ու տևական ձմեռներով։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -9,8˚ է, այստեղ է գրանցվել ՀՀ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -46˚։

Մարմաշենի վանքը Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղի հարավ-արևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող հուշակոթող է։ Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին ըստ արձանագրության կառուցել է Վահրամ Պահլավունի հայրենասեր իշխանը 988-1029 թվականներին, երբ դեռ Անին Բագրատունիների ոստանն էր։ Այդ մասին է Վահրամ Պահլավունին եկեղեցու պատի վրա թողել է մի ընդարձակ արձանագրություն, որը պահպանվել է մինչ օրս։ Սելջուկյան արշավանքներից վանքը զգալի ավերվում է, սակայն 1225 թվականին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգում են Կաթողիկեն։ Կոթողի հիմքում ընկած են հայ ազգային ճարտարապետությանը տիպիկ կառույցաձևեր՝ սլացիկ սյունախուրձեր, զույգ կիսասյուներ, որմնակամարներ, բազմանիստ թմբուկ, բուրգաձև ծածկ, մանրաքանդակներ, բարելիեֆներ և այլն։ Մայր եկեղեցու պատերը և ներսից, և դրսից պատված են սրբատաշ կարմրավուն տուֆով, իսկ հիմքային մասերը շարված են բազալտով։

Փոքր հուշարձանախումբը եղել է հայկական կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն։

Հառիճավանք (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան եկեղեցական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գբեթավոր մեծաչափ կառույց է։

Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։

Հառիճի վանքում դաստիարակվում և կրթվում են ապագա հոգևորականներ։ Ներկայումս բացի Հառիճից հոգևորականների դպրոց կան Վաղարշապատում ևՍևանավանքում։

Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սբ. Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Պահպանված արձանագրությունները շինարարության մասին տեղեկություն չեն պարունակում։ Ըստ ճարատրապետական վերլուծության՝ VI դար է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով (անցումը իրականացված է երկու շարք տրոմպներով), արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի (գոյություն ունեցող բացվածքը կատարվել է հետագայում), պայտաձև խարանն ու կամարները։ Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Ներդաշնակ ծավալներով, դեկորատիվ գեղանկար տարրերով վերձիգ կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ, բոցի լեզուների ֆոնի վրա։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սբ. Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները քայքայվել և գրեթե չեն երևում։

ՄԱՐՄԱՇԵՆ 13-րդ դ

800px-Marmashen_Monastery1.jpg

ԼՄԲԱՏԱՎԱՆՔ 6-րդ դ

Lmbatavank 1.jpg

ՀԱՌԻՃԱՎԱՆՔ 13-րդ դ

1024px-Harichavank_Rear1.jpg