ԳԱՌՆԻ
ԵՂՎԱՐԴ
Եղվարդ գյուղի Ս.Աստվածածին (Ս.Նշան) եկեղեցի
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի կենտրոնական մասում կանգուն է Ս.Աստվածածին երկհարկ, ռոտոնդայով ավարտվող եկեղեցի-դամբարանը՝ կառուցված 1301թ.-ին։ Առաջին հարկը ծածկված է խաչաձևվող կամարներով ու թաղերով։ Երկրորդ հարկը, ուր բարձրանում էին դրսից փայտե շարժական և պատին ամրացված քարե պահունակային աստիճաններով, դրսից և ներսից թույլ շեշտված խաչաձև հորինվածք է, որի թևերը թաղածածկ են, արտաքինից երկթեք տանիքով։ Համեմատաբար զուսպ մշակված առաջին հարկը հարկաբաժան գոտիով առանձնանում է զարդապատկերաքանդակների առատությամբ աչքի ընկնող երկրորդ հարկից։ Յուրաքանչյուր ճակատի կենտրոնում սյուժետային պատկերաքանդակներ են՝ եղջերու հոշոտող հովազ, քարայծ, արծիվ` հորթը ճանկերում։
Առավել ուշադրություն է դարձված արևմտյան ճակատին, որտեղ զարդաքանդակներով և շթաքարե բարավորով մուտքից վեր Աստվածածնի և սրբերի պատկերաքանդակներն են։ Քանդակների մեծ մասը ներկված է եղել։ Հարդարանքի առանձնահատկաթյուններից է ռոտոնդայի սյունակամարաշարից վեր զարդանախշ գոտին` կազմված քառակուսի, ութանիստ և ութանկյուն աստղաձև հախճասալերից, որոնց վերևը և ներքևը զարդարված են ոճավորված արմավենիով, իսկ մեջտեղում պատկերված են նապաստակ, ընձառյուծ, գայլ, քարայծ, օձ, եղջերու, կարապ և այլ կենդանիներ։ Սալերը պատկանում են XIII-XIVդդ. արվեստին և տեղադրվել են եկեղեցու կառուցումից հետո:
Եղվարդի բազիլիկ եկեղեցի
Եղվարդի կենտրոնում պահպանվել են Vդ. բազիլիկ եկեղեցու ավերակները:
Զորավար եկեղեցի
Զորավար (Եղվարդի Ս.Թեոդորոս վանք) եկեղեցին գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից մոտ 3 կմ հյուսիս-արևելք։ Կառուցել է Գրիգոր Մամիկոնյան իշխանը 661-685թթ-ին։ Հարավային մասը և գմբեթը չեն պահպանվել։ Զորավարը պարագծով բազմաստիճան պատվանդանի վրա բարձրացող ութաբսիդ հորինվածքով, դարչնագույն սրբատաշ տուֆից կառույց է։ Աբսիդների հատման հանգույցներում արտաքուստ արված են եռանկյունաձև («հայկական») խորշեր։ Եկեղեցու հարդարանքը կրում է Զվարթնոց տաճարի ազդեցությունը։