ԳԱՌՆԻ
ԾԱՂԿԱՁՈՐ
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Ծաղկաձորը հնուց ի վեր գրավիչ է եղել որպես բնակավայր և հանգստավայր: «Ծաղիկների ձոր»-ում մարդը բնակություն է հաստատել դեռևս III-V դդ: Ծաղկունյաց լեռների հարավարևելյան մասում ընկած գեղատեսիլ հովտի անտառներում որսի են դուրս եկել հայոց արքաները և իշխանները: Արտոնյալ դասին տեղանքը հրապուրել է իր մեղմ, առողջարար կլիմայով: Դարեդար Ծաղկաձորը մնացել է իշխանների տիրապետության տակ: Վաղ միջնադարում (IV - Vդդ.) այս հողերը պատկանել են հայոց թագավորի կալվածքները տնօրինող Վարաժնունի տոհմին: VI դարում հովիտն անցավ հայկական ազդեցիկ Կամսարական տոհմի տիրապետության տակ: Կամսարական տոհմի հետնորդ, Պահլավունի տոհմի առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը 1033թ. հրամայեց Ծաղկաձորում կառուցել եկեղեցի, որը կոչեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Այսպես հիմնվեց Կեչառիս վանական համալիրը` հովտի իրական գանձը:
XVIIդ. սկզբին քոչվոր ցեղերը, գրավելով Ծաղիկների ձորը, տեղանքը կոչեցին Դարաչիչագ (քաղաքը կրկին Ծաղկաձոր վերանվանվեց 1947թ-ին): Իսկ երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսական կայսրությանը (1828թ.), Ծաղկաձորը մտավ Էրիվան նահանգի մեջ:
ԿԵՉԱՌԻՍ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
Համաձայն լեգենդի Պահլավունի տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ` մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորը կոչվում Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառով մեկ:
Կեչառիսի վանական համալիրը (XI-XIIIդդ.) միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր (գտնվում է Կոտայքի մարզի կենտրոնից 8 կմ հյուսիս-արևմուտք): Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ` Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։
Համալիրը կազմված է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։ Գլխավոր՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ըստ հարավային մուտքի վերևի արձանագրության, 1033թ.-ին կառուցել է Գրիգոր Մագիստրոսը։ Հորինվածքով գմբեթավոր դահլիճ է՝ բեմի երկու կողմերին երկհարկանի ավանդատներով։ Արտաքին հարդարանքը զուսպ է, արևելյան ճակատը մշակված է երկու «հայկական խորշերով», որոնցից լուսամուտներ են բացված դեպի բեմ։ Ողջ հորինվածքի վրա իշխում է 10,4 մ տրամագծով գմբեթը։ Եկեղեցուն արևմուտքից կից է ուղղանկյուն հատակագծով (14,8մ×16,5մ), չորս սյուներով կենտրոնակազմ գավիթը (XIIդ. վերջ), որի կենտրոնական մասը ծածկված է երդիկավոր ութանիստ գմբեթով։ Ի տարբերություն ճակատների պարզության, ներսի հարդարանքը բավականին հարուստ է։
Գլխավոր եկեղեցուց հարավ գտնվում է սլացիկ համաչափություններով գմբեթավոր Ս.Նշան ոչ մեծ եկեղեցին։ Վերջինիս կառուցման տարեթիվը հայտնի չէ, սակայն, ելնելով XIդ. ճարտարապետական բնորոշ ձևերից և այն պատմական տեղեկությունից, որ Գրիգոր Մագիստրոսը Կեչառիսում 1051թ-ին ևս մեկ եկեղեցի է կառուցել, ենթադրվում է, որ վերջինս Ս.Նշանն է։
Երրորդ՝ Կաթողիկե եկեղեցին, որը կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը 1203-1214թթ. (հավանաբար՝ Վեցիկ վարդապետի ձեռքով), տեղադրված է համալիրի հարավային մասում, Ս.Նշանի կողքին։ Ուղղանկյուն, ներքուստ խաչաձև գմբեթավոր շենք է՝ չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով։ Կաթողիկեն իր հարդարանքով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամենաշքեղն է։
Շինությունների հիմնական խմբից արևմուտք` 120 մ հեռու, կանգուն է վանքի չորրորդ՝ Ս.Հարություն փոքրիկ եկեղեցին, որը ըստ շինարարական արձանագրության, կառուցվել է 1220թ-ին։ Արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում։
Կեչառիսում կան XII-XIIIդդ. բազմաթիվ խաչքարեր, որոնք գունագեղություն են հաղորդում վանքային համալիրին՝ դառնալով նրա բաղկացուցիչ տարրերը։ Համալիրի կարևոր կառույցներից է Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIIIդ.), որը կանգնեցրել են նրա ճարտարապետ եղբայրները։ Կեչառիսի վանքում են թաղված նաև սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099թ.), Մեծ իշխան Պռոշը (1284թ.):
Կեչառիսի վանքը ողջ կերպարով համահունչ է շրջապատի բնապատկերին:
Կեչառիսի վանքը տարբեր ժամանակներում ավերվել, ամայացել ու նորից վերակենդանացել է: Հայտնի է օրինակ, որ մոնղոլների արշավանքի սկզբին վանքն ավերվում է նրանց կողմից, սակայն շուտով` 1248 թվականին, վերականգնվում է Արցախցի հայտնի իշխան, Գանձասարի եկեղեցու կառուցող Հասան Խաչենցի Ջալալ Դօլու կողմից: Եվ ինչպես միջնադարում հայ ազնվականներն էին կառուցում ու նորոգում հայկական եկեղեցիները, այսօր նույնպես առանձին նվիրյալ անհատներ շարունակում են այդ գեղեցիկ ավանդույթը: Կեչառիսը վերանորոգվել է ավստրահայ Վլադիմիր Հարությունյանի հովանավորությամբ և Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի վերահսկողությամբ: Եկեղեցու վերաօծումը կատարվել է 2000թ-ին: Այսօր Կեչառիսի վանքը Կոտայքի մարզի թեմական առաջնորդարանն է:
Ծաղկաձորը պահպանեց իր հայտնի հանգստավայրի կարգավիճակը նաև խորհրդային տարիներին: Հովտում գործում էին երկու տասնյակ պիոներական ճամբարներ, հանգստյան տներ:
Ծաղկաձորը տեղակայված է նույն բարձրության վրա, ինչ Մեխիկոն: Ուստի 1968թ-ին Մեքսիկայի մայրաքաղաքում կայանալիք` Ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին հենց Ծաղկաձորում կառուցվեց ԽՍՀՄ գլխավոր սպորտային համալիրը: Իսկ երբ 1972թ-ին Թեղենիս լեռան լանջերին կառուցվեց ճոպանուղին, Ծաղկաձորը հայտնի դարձավ նաև որպես լեռնադահուկային կուրորտ: Այսօր էլ այստեղ Ծաղկաձորի մարզական օլիմպիական համալիրը թե´ ձմռանը և թե´ ամռանը ընդունում է հանգստացող կամ իրենց սպորտային վարպետությունը բարձրացնող մեծաթիվ այցելուներ արտերկրներից և Հայաստանի տարբեր մարզերից:
Այսօր Ծաղկաձորը ժամանակակակից հանգստավայր է` Հայաստանի և Հարավային Կովկասի առաջնակարգ զբոսաշրջության կենտրոններից մեկը` զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքով, հիասքանչ շրջակա միջավայրով:
ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Հետաքրքիր և գրավիչ է Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Թանգարանը ստեղծվել է 1972 թ-ին Օրբելիների ամառանոցում:
Թանգարանի առանձին սրահներում պահվում են Օրբելի եղբայրների կյանքին ու գիտական գործունեության տարբեր փուլերին վերաբերող շուրջ 1500 ցուցանմուշ` անձնական իրեր, վավերագրեր, գրառումներ, ձեռագրեր, գրքեր, տարբեր լեզուներով հրատարակություններ:
Թանգարանում կատարում են գիտական հետազոտություններ, կազմակերպվում զեկուցումներ և կինոդիտումներ:
Օրբելի եղբայրները՝ Ռուբենը, Լևոնը և Հովսեփը, XII դ-ից հայտնի հայկական գիտության և մշակույթի նվիրյալների ժառանգներն են: Նրանց պապը՝ Հովսեփը, ավարտելով Մոսկվայի Լազարյան հոգևոր ճեմարանը, ձեռնադրվել է Թիֆլիսի եկեղեցու ավագ քահանա: Հայրը՝ Աբգարը (1849-1912թթ.), ով ավարտել էր Սանկտ Պետերբուրգի կայսրական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ամուսնացած էր իշխանուհի Վ. Արղության-Երկայնաբազուկի հետ:
Աբգար Օրբելու ավագ որդին՝ Ռուբենը (1880-1943թթ.), շարունակեց հոր ուղին: Սանկտ Պետերբուրգի կայսրական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտի դիպլոմ ստանալուց հետո դարձավ ռուսական Սենատի վճռաբեկ հանձնաժողովի քարտուղար: Ավելի ուշ նա սկսեց զբաղվել ստորջրյա հնագիտությամբ: Պրոֆեսոր Օրբելին հանդիսանում է ստորջրյա հնագիտության հիմնադիրը և ստորջրյա տեխնիկայի լավագույն մասնագետներից մեկը:
Ծաղկաձորում է ծնվել եղբայրներից միջնեկը՝ Լևոն Օրբելին (1882-1958թթ.): Սանկտ Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիան ավարտելուց հետո նա դարձավ համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիոլոգ Ի.Պավլովի հետնորդը` ուսումնասիրելով կենդանիների բարձրագույն նյարդային համակարգը: 1942 թ-ին Լևոն Օրբելին ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ, այնուհետև ղեկավարեց Ռազմաբժշկական ակադեմիան: Լևոն Օրբելին եղել է ԽՍՀՄ-ի և Հայկական ԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիաների իսկական անդամ:
Կրտսեր եղբայրը՝ Հովսեփը (1887-1961թթ.), ևս ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: Դեռևս ուսանողական տարիներից նա մասնակցել է Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի հնագիտական պեղումներին, եղել է հայտնի արևելագետ - հայագետ Նիկողայոս Մառի աշակերտը: Երկար տարիներ Հովսեփ Օրբելին եղել է Սանկտ Պետերբուրգի /Լենինգրադի/ պետական Էրմիտաժի տնօրենը, իսկ 1943թ. դարձել է Հայկական ԽՍՀ-ի ԳԱ-ի առաջին նախագահը:
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՃՈՊԱՆՈՒՂԻ
Հարմարավետ ճոպանուղին ձեզ Թեղենիսի բարձունք կհասցնի 40 րոպեում: Ճոպանուղին վերակառուցվել է 2004-2008թթ.: Ճոպանուղու առաջին չորս նստատեղերով կայանի երկարությունը 1137մ է` թողունակությունը ժամում 1200 մարդ: Երկրորդ կայանի երկարությունը 1458մ է` 800 մարդ/ժամ թողունակությամբ: Երրորդի երկարությունն է 1624մ, իսկ թողունակությունը` ժամում 800 մարդ: Իսկ 926 մ երկարությամբ չորրորդ կայանի թողունակությունը նույնպես ժամում 800 մարդ է: Երկրորդից չորրորդ կայաններում նստատեղերը երկտեղանոց են: Մի կայանից մյուսը կարելի է տեղափոխվել առանց դահուկները հանելու: Սկսնակ լեռնադահուկորդներին և սնոուբորդիստներին տրամադրվում են հարմարավետ բուգելային վերելակներ: Տեղում կարելի է վարձակալել լեռնադահուկային հանդերձանք կամ սպորտային այլ պարագաներ: Վերջերս զբոսաշրջիկների որոշակի խմբի համար գործում է ճոպանուղու հինգերորդ կայանը (1030մ, 800 մարդ/ժ): Տաք նստատեղերը ապահովում են հարմարավետ վերելքը: Թեղենիսի բարձունքից արդեն իսկ ձգվում են մշակված տարբեր բարդությամբ սահուղիներ: Սահուղիների ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 30կմ: Անընդհատ սահել կարելի է մոտ 6800մ: Գործում է մասնագիտացված փրկարարներով համալրված ծառայություն: