Տավուշի մարզ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ ԻջևանըՆոյեմբերյանըԲերդը ևԴիլիջանը։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ ՀՀ պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ծովի մակերևույթին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում էԴեբեդավան գյուղի մոտ՝ 380 մ, ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայիՄուրղուզ լեռն է՝ 2993 մ։ ՀՀ Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (ՎիրահայոցԳուգարաց և Միափորի լեռներ)։ Գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։

Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի(Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։

Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

  Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ,հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։

ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր,խաչքարերկամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական են ԳոշավանքըՀաղարծնի ուՄակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։

 

 


 ԳՈՇԱՎԱՆՔ 10-րդ դ

1024px-Goshavank_View1.jpg

Գոշավանք (նաև Նոր Գետիկ) - հայկական վանք է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում։

Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։

Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է նշանավոր գիտնական, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ, առակագիր, մանկավարժ Մխիթար Գոշը (1120-1213)՝ անվանելով Նոր Գետիկ։ Կիրակոս Գանձակեցին «Հայոց պատմություն» աշխատությունում վկայում է, որ վանքի գլխավոր եկեղեցին՝ Սբ. Աստվածածինը (1191-1196թթ.), կառուցվել է ինչպես Մխիթար Գոշի և միաբանների, այնպես էլ Վախթանգ Մեծի կնոջ՝ Արզուխաթունի ու նրա եղբայրների օգնությամբ։ Այն գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է՝ արևելքից երկու կրկնահարկ խորաններով, արևմուտքից և հյուսիսից՝ մուտքերով։ Արևելյան և հարավային պատերը մշակված են «հայկական խորշերով» (եռանկյունաձև կտրվածքի), հաստաբուն թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով։ Եկեղեցու՝ ավելի ուշ կառուցված գավթի ճարտարապետը եղել է Մխիթար Հյուսնը։ Գավիթը (1197-1203թթ.) չորս սյուներով կենտրոնակազմ գավիթների հիմնական տիպին է պատկանում։ Արևելյան երկու անկյուններում ունի երկհարկանի խորաններ։ Գոշավանքի գավիթը ձևով և կառուցվածքային տարրերով, Սանահինից հետո, նշանավորում է իր տիպի զարգացման հաջորդ քայլը՝ նախապատրաստելով Հաղարծնի և Կեչառիսի նույնատիպ կառույցները։

Սբ. Աստվածածնից հարավ կանգնած է նույնատիպ, բայց ավելի փոքր չափերի Ս.Գրիգոր եկեղեցին (ավարտվել է 1231թ.-ին), որի գմբեթը չի պահպանվել։ Գավթի հարավային պատին գրեթե կից է Սբ. Գրիգոր Լուսավորիչ թաղածածկ դահլիճ-եկեղեցին (1237-1241թթ.), որը, չնայած փոքր չափերին, իր դեկորատիվ հարուստ հարդարանքով աչքի է ընկնում ընդհանուր առմամբ զուսպ մշակված համալիրի կառույցների շարքում։ Այստեղ դեկորատիվ որմնասյունակամարաշարը, որ քողարկում է կառույցի պարզագույն ծավալը, ինքնանպատակ զարդապատում չէ, այլ կերպար և ճարտարապետական նոր բովանդակություն ստեղծող արտահայտչամիջոց։ Իր հարդարանքով այս եկեղեցին միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստի աչքի ընկնող կոթողներից է։

Գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից է երկհարկանի գրատուն-զանգակատունը։ Չտաշված մեծաչափ քարերով, փայտակերտ «վերնահարկերով» գրատունը և արևմուտքից նրա հետ ընդհանուր դռնով միջանցիկ ժամատունը, ըստ Կիրակոս Գանձակեցու, կառուցվել է Մարտիրոս վանահոր օրոք, մինչև 1241թ.-ը։ Հետագայում գրատան վրա կառուցվել է երկրորդ հարկը (1291թ., ճարտարապետներ՝ Գրիգոր և Զաքիոս), որը խորանանման փոքր աղոթարաններով կառույց է։ Մուտքը արևմուտքից է, ուր բարձրանում էին երկու կողմից՝ անկյուն կազմող բարձակային քարե աստիճաններով։ Ժամատունը հավանականորեն եղել է նաև գրչության սրահ, որտեղ ձեռագրեր են ստեղծվել։

Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում գերեզմաններն ու խաչքարերը, որոնց թվում Պողոս վարպետի երեք «ասեղնագործ» խաչքարերն են (Ս.Գրիգոր Լուսավորիչ մատուռի արևմտյան ճակատի մոտ տեղադրված երկու խաչքարերից մեկը 1935թ.-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան)։ Ըստ արձանագրության՝ խաչքարերից մեկը (տեղում կանգնած) ստեղծվել է 1291թ.-ին։ Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը դուստրերի հետ գործել է Փրկչի և սրբերի պատկերներով վարագույր ու նվիրել վանքին։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ ովքեր այն տեսնում էին, Աստծուն օրհնություն էին տալիս, որ կանանց այդպիսի «ոստայնանկության իմաստություն և նկարակերտության հանճար է տվել...»։ Խորանի անկրկնելի վարագույրը պատրաստված է եղել այծի շատ փափուկ աղվամազից։ Բարեպաշտ Արզուխաթունը ոչ միայն Նոր Գետիկի, այլև Հաղպատի, Մակարավանքի ու Դադիվանքի եկեղեցիների համար էլ է պատրաստել վարագույրներ ու ծածկոցներ, քանի որ ըստ Գանձակեցու՝ «չափազանց սիրում էր եկեղեցիները»։

Գոշավանքին նվիրված ՀՀ փոստային նամականիշ (2005)

Մխիթար Գոշի մահվանից հետո (1213թ.) վանքը նրա անվամբ կոչվել է Գոշավանք։ Այն պատմական աղբյուրներում անվանվել է՝ վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Ուսուցվել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն։ Այստեղ են կրթվել և գործել մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի ավանդները։ Այստեղ պահվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր։ Վանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, գյուղեր, վարելահողեր, անտառներ, ամառանոցներ։

Վանքից ոչ հեռու՝ գյուղի հարավային մասում, կան կառույցներ՝ Սբ. Գևորգ եռախորան գմբեթավոր փոքր եկեղեցին՝ կառուցված 1254-ին Խաչատուր վարդապետի և նրա եղբայր Բարսեղի կողմից, Մխիթար Գոշի բնակարանի մնացորդները, նրա դամբարանը։

1958-ին հայոց մեծագույն վարդապետներից մեկի՝ Մխիթար Գոշի դամբարանի մոտ հուշակոթող է կանգնեցվել, այնուհետև 1972-ին բացվել է Գոշի թանգարանը և բարեկարգվել վանքի տարածքը։

Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին - XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին ԴՍտեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

ՀԱՂԱՐԾԻՆ 10-13-րդ դդ

1024px-Haghartcin1.jpg

Հաղարծին10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀՀ Տավուշի մարզումԴիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել XII դարի վերջին - XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին ԴՍտեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն:

Հաղարծին վանքը վերանորոգված վիճակում

 

Սուրբ Գրիգոր եկեղեցի

Ամենավաղը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև (չորս անկյունների ավանդատներից արևելյաններն առանձնացված չեն աղոթասրահից) հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ Դեկորատիվ միակ տարրը խիստ հողմահարված անկյունային որմնախոյակներն են՝ պարզ բեկվածքներով և ականթի տերևների արխաիկ նկարվածքի շարքով։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններ)։ Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ մատուռ (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է։ Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին, սակայն հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից և, ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X-XI դդ․: Ճակատները (բացառությամբ արևմտյանի) ունեն հայկական խորշեր։ Բարձր, բոլորակ թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով։ Մուտքերը, լուսամուտներն ու որմերը չափավոր զարդարված են պարզ բեկվածքավոր քիվագոտիներով, խաչերով ևն։ Արևմտյան ճակատի դիմաց ավերված շինության (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդներ են։

Սեղանատուն

Haghartsin-4.jpg
Haghartsin Refectory-2.jpg
Սեղանատունը դրսից և ներսից

Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է (ըստ հարավարևմտյան մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248-ին, ճարտարապետի անունը՝ Մինաս, ներսում, արևմտյան երդիկի հյուսիսարևելյան անկյունում է), ՀՀ-ում նմանօրինակ երկու կառույցներից մեկը (մյուսը Հաղպատում է)։ Այն ուղղանկյուն դահլիճ է (21, 6 x 9, 5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավարևմտյան մուտքի շրջակալը (հարավային ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացվել)։ Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Դեպի արևելք այլ շինությունների (հավանաբար խոհանոց, հացատուն ևն) մնացորդներ են։

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ 13-րդ դ

Makaravank-DCP_94161.jpg

Մակարավանք13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզումԱչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Ներկայումս գտնվում է նորոգման և ներքին հարդարման փուլում։ Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։

Ավանդություն

Գտնվում է Աչաջուր գյուղի արևմտյան կողմում։ Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում: Կառուցումից հետո արդեն, վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։

 Ճարտարապետություն

Մակարավանքը բաղկացած է հին եկեղեցուց, գլխավոր եկեղեցուց, գավթից, Աստվածածին եկեղեցուց, նշխարատնից, մատուռից, աղբյուրից, պարիսպներից, գերեզմանոցից, բնակելի և օժանդակ շինություններից։

Գլխավոր եկեղեցին և գավիթը

Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճների տիպի, 13,5X9 մ միջին չափերի շինություն է, արտաքինից երկարավուն, ներսից խաչաձև հատակագծով, 4 անկյուններում տեղադրված կրկնահարկ խորաններով քառանկյուն։ Կառուցվել է բաց վարդագույն և պղնձագույն ֆելզիտի սրբատաշ քարերով և կրաշաղախով։ Հարավային պատի լուսամուտի տակ աչքի է ընկնում մագիլներում ցուլ բռնած արծվի բարձրաքանդակը։ Արևմուտքից հիմնական մուտքը եզերված է նրբահյուս երեսակալով, իսկ վերնամասը ծածկված է գույնզգույն քարերի դրվագազարդով։ Ընդարձակ, լուսավոր ու տպավորիչ է եկեղեցու ներսը, չորս հուժկու հնգանիստ որմնամույթերը միանում են բարձր կամարներով, տանիքի կենտրոնում առաջացնելով քառակուսի բացվածք, որի վրա կառուցված է գմբեթը։ Հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցների թվին են դասվում բեմի ճակատի անկրկնելի քանդակազարդերը, մարդու գլխով առասպելական կենդանիները, գալարվող ձկները, գործիքները ձեռքին մարդու կերպարանքը՝ «Երիտասարդ» մակագրությամբ։ Երիտասարդը հավանաբար այս եկեղեցին քանդակազարդող վարպետ-ճարտարապետի անունն է, քանի որ նրա ձեռքին պատկերված են աշխատանքային գործիքներ։ Գեղաքանդակ մի խաչքարի ծավալուն արձանագրությունից իմացվում է., որ գլխավոր եկեղեցին 1205 թվականին կառուցել է Բազազ իշխանի որդի Վարդանը, Հովհաննես Ա-ի վանահայրության տարիներին։ Մուտքի ճակատակալ քարի արձանագրության մեջ հիշատակված է Մակարավանք անունը։

Մակարավանքի մուտքը

Գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205 թ-ին։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք ունի՝ կառուցված վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով (հյուսիսարևմտյան խորշը հետագայում վերակառուցվել է ավանդատան)։ Հարավային և արևելյան ճակատները մշակված են եռանկյունաձև զույգ խորշերով (հյուսիսային պատի խորշերը ծածկվել են ավելի ուշ կառուցված գավթի ծավալով), գմբեթի (ծածկը քանդված է) կլոր թմբուկը զարդարված է զույգ կիսասյուների դեկորատիվ կամարաշարով։ Արևմտյան դուռն ունի ճոխ զարդաձևերով շքամուտք, որի ճակտոնապատը բազմագույն քարերի շախմատաձև շարվածքով է։ Գրեթե նույն ձևավորումն ունի գավթի մեջ բացվող հյուսիսային շքամուտքը։ Եկեղեցու հարավային պատի լուսամուտի տակ՝ ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակ է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ։ Եկեղեցու լուսավոր և ընդարձակ ներսակողմում խիստ տպավորիչ է ու լուծումով ինքնատիպ խորանի հարդարանքը։ Աբսիդի կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով՝ միմյանցից բաժանված կամարակապ զույգ որմնասյուներով։ Բեմի ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված հարթաքանդակներով՝ երիզված հյուսկեն զարդերով կիսագլանաձև լայն շրջանակով։ Ուշագրավ է ութանկյուն աստղերի մշակումը։ Այստեղ հանդիպում են հուշկապարիկների, կենդանական և բուսական չկրկնվող զարդամոտիվներով հյուսկեն քանդակներ, աստվածաշնչյան թեմայով (Հովհանը կետի երախում) հարթաքանդակ և այլն։ Այստեղ առկա է նաև գավթի կառուցող Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի զինանշանը՝ զույգ արծիվների պատկերով։ Մակարավանքի ձկան քանդակներն իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով զուգահեռներ չունեն միջնադարյան հայ արվեստում։ Աստղերից մեկի վրա կերտված է գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի (և, անշուշտ, քանդակագործի) դիմաքանդակը և նրա անունը՝ Երիտասարդ։ Մակարավանքի գավիթը 1207 թ-ին կառուցել է իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանը։ Այն արևելքից կից է հնագույն եկեղեցուն, իսկ հարավից՝ գլխավորին, գրեթե քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք ունի, կառուցված է վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Արևմտյան շքամուտքի վրա կան հուշկապարիկի, առյուծի և ցուլի մենամարտ պատկերող դինամիկ բարձրաքանդակներ։ Առանձնապես հարուստ է գավթի ներսի հարդարանքը։ Գմբեթի հիմքի սալերին կան գավթի շինարար վարպետների անունների սկզբնատառերը։

Գավիթը (1224 թ.) Հյուսիսային կողմից կից է գլխավոր եկեղեցուն։ Երկու եկեղեցիները դռներով հաղորդակցվում են գավթի հետ։ Պատկանում է 4 սյունանի գավիթների տիպին։ Քառակուսի դահլիճ է։ Միակտոր գլանաձև սյուների վրա հենվում է կենտրոնական երդիկավոր ծածկը, որի հիմքի գոտին ու չորս անկյունների առագաստները քանդակազարդ են։ Քանդակազարդ է նաև Արևմայան ճակատը և շքամուտքը։ Նշխարատունը կից է հին եկեղեցուն, քառակուսի հատակագծով, թաղածածկ, 5,3X5 մ չափի շինություն է, արևելյան պատի հյուսիսային մասում բուխարու խորշով։