ԳԱՌՆԻ
ԲՋՆԻ
Բ Ջ Ն Ի
Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Առաջին անգամ նրա մասին հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին V դարում: Բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցներից էր: XI դարում Բջնին իր շրջակայքով անցնում է Պահլավունիների իշխանական տոհմին: Այդ ժամանակ էլ, Հովհաննես - Սմբատ թագավորի հրամանով դառնում է եպիսկոպոսանիստ ավան: 1066 թ. կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել Բջնիում:
XIII դարի սկզբներին Բջնին անցնում է Զաքարյան հայ իշխանների տնօրինությանը: 1673 թ. այստեղ իջևանել է ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը: 1770 թ. Բջնի է այցելել նաև ճանապարհորդ Տուրնեֆորը:
Սարահարթի վրա Պահլավունի իշխանների կողմից հիմնված բերդը վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին, որի որդին՝ Գրիգոր Մագիստրոսը, 1031 թվականին կառուցեց Ս.Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է գյուղի կենտրոնում և համարվում է Բջնիի միջնադարյան ճարտարապետության զարդը։ Եկեղեցու յուրօրինակ տարրերից են՝ ներսում 5 մետր բարձրության վրա պատերի երկայնքով ձգված բարձակային քարե դարակները։ Ենթադրվում է, որ այստեղ են դրվել Բջնիի վանքում գրված բազմաթիվ ձեռագրերը։ Մեզ են հասել XII-XVII դդ. այնտեղ ընդօրինակված հայերեն մի քանի ձեռագրեր: Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր:
Եկեղեցու պատերին կան վիմափոր արձանագրություններ: Եկեղեցին վերանորոգվել է 1947 թ.: Եկեղեցուն հարավից կցված է թաղածածկ մատուռ (XIIIդ.), որի արևմտյան պատի խորշում կանգնեցված է մեծ խաչքար։ Բջնիում ստեղծագործել են նշանավոր քարագործ վարպետներ, այդ մասին վկայում են արևելյան պատի դիմաց կանգնեցված բարձրարվեստ խաչքարերը։ Եկեղեցին XVIIդ. ուղղանկյուն պարագծով պարսպապատվել է:
Եկեղեցուց ոչ հեռու պահպանվել են երբեմնի անառիկ բերդի պատերը: Բջնին հիշատակվում է «աստվածաբնակ և անառիկ Բջնի» անվանումով, քանի որ բերդը հնարավոր չէր գրավել ոչ հարձակումով, ոչ էլ երկարատև պաշարումներով: Գաղտնիքը կայանում էր նրանում, որ երեք գետնանցումները բերդը կապում էին հարևան գյուղի հետ, որտեղից պաշարման մեջ գտնվողները ապահովվում էին անհրաժեշտ սննդամթերքով: Գետնանցումներից մեկը սկսվում է Ս. Աստվածածին եկեղեցուց: Գետնանցումներից մեկը սկսվում է Ս. Աստվածածին եկեղեցուց:
Բջնիի արևելյան մասում` բլրի գագաթին, սրբատաշ տուֆից VIIդ. կառուցվել է Ս.Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին։ Կառույցը իր արտակարգ փոքր չափերի (Հայաստանի նույնատիպ եկեղեցիներից ամենափոքրն է) պատճառով խիստ պարզեցված է։