ԳԱՌՆԻ
Լոռու մարզ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
Լոռին մեծությամբ Հայաստանի երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայստանի տարածքի 12.7% )։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակների հետ մեկտեղ, Լոռու մարզով են հոսում չորս գետ՝Դեբեդ, Ձորագետ, Փամբակ և Աղստև։
Պատմա-մշակութային հուշարձաններ
Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի-Բերդի փլատակները։
Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, համանուն գյուղում, ներկայումս՝ Ալավերդիքաղաքի շրջագծում։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի (նահանգի)Տաշիր գավառի մեջ։ 1996 թվականին ՄԱԿԳՄԿ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս։
966 թ։ Սանահինի վանական հաստատությունը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966 թ.-ին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XII դ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև XI դ. կեսը)։ X-XI դդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան։ XII դ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։ Սանահինի համալիրի կազմում են Սբ. Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Սբ. Գրիգոր փոքրաչափ եկեղեցին՝ մատուռը։ Համալիրի հնագույն եկեղեցին՝ Սբ. Աստվածածինը, կառուցվել է 928-944 թթ.-ին։ Գմբեթավոր դահլիճ տիպի վաղագույն օրինակներից է։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։ Սբ. Աստվածածին եկեղեցուց հարավ Ամենափրկիչ եկեղեցին է վանքի գլխավոր տաճարը, որը 957-966 թթ.-ին կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը՝ Խոսրովանույշը։ Հայ միջնադարյան քանդակագործության արժեքավոր օրինակ է հանդիսանում արևելյան ճակտոնապատի վերին մասի կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմառդեմ կանգնած Գուրգեն (Կյուրիկե) և նրա եղբայր՝ Անիի Սմբատ Տիեզերական թագավորները պահում են տաճարի մանրակերտը։ Հայկական միջնադարյան աշխարհիկ շինությունների եզակի նմուշ է վանքի ակադեմիան՝ Մագիստրոսի ճեմարանը։ Կառուցվել է X դ. վերջին XI դ. սկզբին, Սբ. Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիների միջև ընկած տարածքում։ Գրատունը (կոչվել է նաև նշխարատուն) շենքերի խմբի հյուսիս-արևելյան անկյունում է։ Կառուցվել է 1063 թ.-ին՝ Դավիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու միջոցներով։ Գրատան հարավ-արևելյան անկյունին կից է Սբ. Գրիգոր եկեղեցին (X դ. վերջ)։ Հորինվածքային տարբեր լուծումներ ունեն Սանահինի վանքի գավիթները։ Առավել պարզ է գրատան գավիթը, որը կառուցվել է XII դ. վերջին - XIII դ. սկզբին, գրատան հարավային պատին կից։ Ամենափրկիչ եկեղեցու գավիթը (ներքին գավիթ) կառուցվել է 1181 թ.-ին (ճարտարապետ Ժամհայր)։ Այն չորս կենտրոնական, սյուներով գավիթների տիպի առավել վաղ օրինակներից է։ Հայկական գավիթների եզակի օրինակ է Սբ. Աստվածածին եկեղեցու գավիթը (Մեծ գավիթ, Դրսի գավիթ), որը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1211 թ.-ին։ Մեծ գավթի հյուսիսային պատին կից է Սանահինի վանքի զանգակատունը (Հայաստանի հնագույն օրինակներից է)։ Կառուցվել է 1211-1235 թթ.-ին։ Դեկորատիվ հարդարանքով հատկապես աչքի է ընկնում արևմտյան ճակատը։ Վանքի տարածքից դուրս պահպանվել են Սբ. Հակոբ եկեղեցու ավերակները (թվագրվում է Xդ. 2-րդ կես), Ս.Հարություն եկեղեցին (XIIIդ. 1-ին քառորդ)։ Սանահինում պահպանվել են երկու աղբյուր, մեկը՝ նախկին գյուղամիջում (XII դ. վերջ - XIII դ. սկիզբ, երկկամար բացվածքով՝ թաղածածկ սրահ է), մյուսը՝ վանքի հյուսիսային պարսպապատին կից (1831 թ. միակամար բացվածքով)։ Միջնադարյան հայկական ճարտարապետության ինժեներական լավագույն կառույցներից է Սանահինի կամուրջը։ XII դ. վերջին կառուցել է տվել Վանենի թագուհին։ Կամրջով է անցնում Սանահինի վանքը տանող ճանապարհը։ Միաթռիչք (թռիչքի երկարությունը 18,6 մ), կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը՝ գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամրջի քարաշեն պատնեշի վրա առյուծների բարձրաքանդակներ են։ Սանահինի համալսարանը (Սանահինի դպրոց), միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնա-դաստիարակչական և գրչության կենտրոն էր։ Հիմնադրվել է 966 թ.-ին՝ Աշոտ Գ Ողորմածի կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու պատվերով։ XI դ. 1-ին կեսին դպրոցում բացվել են հռետորական, փիլիսոփայական, երաժշտական, բժշկական վարժարանները, դասավանդվել «յոթ ազատ արվեստներ», տոմար և այլ գիտություններ։ Սանահինի համալսարանին կից ստեղծվել է նաև մատենադարան։ Այն ունեցել է հատուկ շենք, սակայն ապահովության համար ձեռագրերի մի մասը պահվել է անմատչելի քարայրներում։ Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար՝ վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում։ Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու (Սբ. Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, 1184 թ., գործ՝ Մխիթար Կազմիչի) և Սարգսի (Սբ. Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատի տակ, 1215թ.) խաչքարերը, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են։ Սանահինի արևելյան կողմում կանգուն են. Սբ. Կարապետ եկեղեցին (X դ. վերջ - XI դ. սկիզբ), արևմուտքում՝ բարձրադիր տեղում՝ Սարգսի մատուռը (XII դ. վերջ - XIII դ. սկիզբ)։ Խորհրդային իշխանության տարիներին Սանահինի վանքը եղել է պետական պահպանության ներքո. կատարվել են ամրակայման և վերականգնման աշխատանքներ: 1998 թ-ին ՀՀ Կառավարության որոշմամբ այն հանձնվել է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տնօրինությանը: 2001 թ-ին Սանահինի համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»:
Հաղպատավանքը հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ կեսին։ 10-13-րդ դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր։ Տնտեսական, մշակութային և շինարարական վերելք է ապրել հատկապես 12-րդ դարի 2-րդ կեսից - 14-րդ դարում, երբ Տաշիր-Ձորագետի կառավարիչներն էին Արծրունիները, ապա՝ Զաքարյանները։ 11-13-րդ դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը։ Ուսուցանել են փիլիսոփայություն, հռետորություն, աստվածաբանություն, երաժշտություն ևն, ընդօրինակել և նկարազարդել ձեռագրեր (Հաղպատի մատենադարան, Հաղպատի դպրոց, Հաղպատի Ավետարան)։ Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել երկրաշարժերից, որոնց մասին հիշատակում են պատմիչները (Սամվել Անեցի, Մխիթար Այրիվանեցի) և վիմագրողները։ 11-րդ դարի կեսերին ավերել ու կողոպուտի են ենթարկել սելջուկները, 1105-ին՝ Ղըզըլ Ամիրի հրոսակախմբերը, 18-րդ դարում տուժել է լեզգիների հարձակումներից, 1795-ին ասպատակել է Աղա Մահմեդ խանը։ Թշնամական հաճախակի հարձակումներից պաշտպանվելու նպատակով վանքը շրջափակվել է ամրակուռ պարսպով, մատույցներում ստեղծվեցին պաշտպանական հենակետեր (Կայան, Աթոռիկ), շրջակա տարածքը եզերող ձորերում և ժայռածերպերում հիմնվել թաքստոցներ ու ամրացված կացարաններ։ Հաղպատավանքում կրոնավորել է Սայաթ-Նովան։
Հաղպատի վանքային համալիր Xդ
Սանահինի վանքային համալիր Xդ
Օձունի վանքային համալիր Xդ
դ