ԳԱՌՆԻ
Գառնի համայնք
ԳԱՌՆԻ
Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն: 59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ:
XIII–XVII դարերում օտար նվաճողների բազմաթիվ արշավանքներից ավերված Գառնին վերջնականապես կործանվել է 1679 թ-ի երկրաշարժից: 1830-ական թվականներին Մակու քաղաքից և շրջակայքից հայ գաղթականներ են բնակություն հաստատել Գառնիում, հիմնել համանուն գյուղը:
Գառնի գյուղը տեղակայված է Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտին` Ազատ գետի աջ ափին: Գառնին Հայաստանի այն բնակավայրերից է, որը բնակեցված եղել հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Գառնին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների մշակույթի հետքեր: Ամրոցից և հեթանոսական տաճարից բացի պահպանվել են հայ միջնադարյան ճարտարապետության և արվեստի հուշարձաններ:
Գառնի համայնքը Հայաստանի ամենագեղեցիկ, ամենահարուստ բնություն ունեցող համայնքներից մեկն է: Գյուղը տարածվում է Ազատ գետի միջին հոսանքում, որտեղ դարերից եկեղ բնությունը անկրկնելի հուշարձաններ է կանգնեցրել, դրանցից ամենաարտասովորը անվանում են Քարերի սիմֆոնիա: Ազատի կիրճը, որտեղ գտնվում է Քարերի սիմֆոնիան, զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է: Զբոսաշրջիկները ոտքով իջնում են Ազատի կիրճը` վայելելով հայկական հրաշալի գեղեցկությունը:
Բարեխառն եղանակի շնորհիվ Գառնիում աճում են բազմատեսակ մրգեր ու բանջարեղեններ: Գյուղին խմելու ջրով ապահովում են լեռներից բխող սառն աղբյուրները: Գառնին հայտնի ոչ միայն իր հանրահայտ Տաճարով, հինավուրց եկեղեցիներով, իր մաքուր, սառնորակ ջրով, այլև էկոլոգիապես մաքուր մրգերով ու բանջարեղեններով:
Գառնին ունի հազարամյակների պատմություն: Երկու տարի անց կնշվի Գառնիի հիմնադրման 4180 ամյակը:
Գառնի համայնքում կա երկու կանգուն և մի քանի քանդված եկեղեցիների ավերակներ:
Գառնի գյուղի հարավարևելյան կողմում գտնվում են VI դ. միանավ եկեղեցու ավերակները:
Մուտքերը երեքն են` մեկը արևմուտքից և երկուսը հարավից: Արտաքին ճակատները հարդարված են դեկորատիվ համակարգով, որի շնորհիվ կառույցը նախաքրիստոնեական հայկական ճարտարապետությունը քրիստոնեականին կապող օղակներից է համարվում:
Մաշտոց Հայրապետ եկեղեցի
Գառնիում է գտնվում նաև XII դ. կենտրոնագմբեթ փոքր եկեղեցին, որն ավանդաբար անվանում են «Մաշտոց Հայրապետ» (ըստարձանագրության` Սբ. Աստվածածին): Այն միանավ կենտրոնագմբեթ է, իսկ արտաքինից` քառակուսի: Թմբուկը ձևավորված է որմնախորշերով, վարդաքանդակներով և շատ լավ է պահպանվել: Չորս պատերից երեքի վրա արված են երկու երկար որմնախորշեր, իսկ վերջինը` մուտքը, զարդարված է խաչքարով և բուսանախշ որմնանկարներով: Եկեղեցուն հարավից կից է նվիրատվական արձանագրություններով խաչքար-մահարձանը:
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Գառնի գյուղի կենտրոնում: Արձանագրության համաձայն այն կառուցվել է XII դ.: Այս եկեղեցին նման է Մայր Տաճարին, եռանավ է և կառուցված է վարդագույն տուֆից:Գառնիում և շրջակայքում պահպանվել են մատուռներ (հյուսիսարևելքում` «Թուխ Մանուկ», հյուսիսարևմուտքում` բլրի գագաթին` Սուրբ Սարգիս), Կատրանիդե թագուհու (ամրոցից հարավ, 879) և XI- XIII դդ. խաչքարեր:
ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Գառնի համայնք մտնող յուրաքանչյուր այցելուի առաջինը դիմավորում է Անհայտ Զինվորի հուշարձանը, որը մի ձեռքում պահում է հրացանը, մյուսով՝ փոքրիկ տղային: Հուշարձանը մեծ խորհուրդ ունի – ազգապահպանման և խաղաղության, այս երկու գործոններն են պետք յուրաքանչյուր ազգի հարատևության համար:
Հուշարձանը Գառնիում տեղադրվել է Հայրենական Մեծ պատերազմում գառնեցի զինվորների հիշատակին, նրանց հիշատակը վառ պահելու, սերունդներին պատմելու, ինչպես, ում կյանքի գնով ենք վաստակել այս խաղաղությունը: Գառնիից պատերազմ են մեկնել 460 զինվոր, բայց վերադարձել են 262-ը:
Հուշարձանի կողքին, 2011 թ-ին տեղադրվել է մի հոյակերտ խաչքար, որը նվիրված է 1900-ական թթ-ին Արևմտյան Հայաստանում ազատագրական պայքարի ժամանակ զոհված գառնեցիների հիշատակին:
Ամեն տարի մայիսի 9-ին Գառնիի համայնքապետարանն ու Մարզամշակութային կենտրոնը կազմակերպում են մեծ միջոցառում՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց ում կյանքի գնով ձեռք բերված խաղաղությամբ ապրում ենք մենք: