ԳԱՌՆԻ
Ազգային երաժշտություն
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ԴՈՒԴՈՒԿ
2005 թվականին հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց որպես ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց:
Հայկական ազգային երաժշտությունը դարավոր պատմություն ունի և իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական մշակույթում, հանդիսանալով անբաժանելի և կարևոր մասը:
Դուդուկը համարվում է հայկական ամենահին երաժշտական գործիքն և ունի 1900 տարվա պատմություն: Բացի այդ, այն նաև ամենասիրվածն է, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի զգացումները և հույզերը: Թեև դուդուկը նվագում են Կովկասի շատ երկրներում, նրա հայրենիքն է Հայաստանը:
Դուդուկը հոգևոր գործիք է, որը պատրաստվում է ծիրանենուց: Հայաստանում այն անվանում են նաև ծիրանափող: Դուդուկի երաժշտության առանձնահատկությունը նրա լիրիկական հնչեղությունն է: Դուդուկն ունի ջերմ և նուրբ ձայն, որն առաջանում է ներս մտնող օդի ազդեցության տակ փայտյա թիթեղների տատանումներից: Գործիքի արտաքին վերին մասում կա յոթ, իսկ ներքևի մասում` մեկ ձայնային անցք:
Սովորաբար երկու դուդուկահարներ միասին են հանդես գալիս: Մեկը մենակատարն է, իսկ մյուսը` դամքաշը: Դամը շնչառությունն է, ձայնակցումը, արևելյան երաժշտության մեջ` մեղեդու ներդաշնակությունը: Դամքաշը, կիրառելով անդադար հնչող ձայնով նվագելու հատուկ մեթոդը, մենակատար դուդուկահարի կամ երգչի համար ստեղծում է գունային յուրահատուկ ֆոն: Առաջանում է հանգստություն, խաղաղություն, հոգևոր սկզբի անկրկնելի զգացողություն: Պարային երաժշտության կատարման համար դուդուկին միանում է հարվածային դհոլ գործիքը:
Դուդուկի կախարդական ձայնը այնքան համահունչ է հայոց աշխարհի բնությանը, պատմությանը և ժողովրդի հոգուն, որ Հայաստանը դժվար է պատկերացնել առանց դուդուկի: Վերջին տասնամյակներում դուդուկը ավելի հաճախ օգտագործվում է որպես համերգային գործիք, ազգայինից անցնելով բարձր մշակույթի դաշտ:
Բացի դուդուկից Կոտայքի մարզում, որպես ժողովրդական գործիք օգտագործվում են. շվին, պարկապզուկի հայկական տարատեսակը, դհոլը և այլ: